28 դեկտեմբերի 2011 - 13:28 AMT
Մամուն Հարիրի. Սիրիայի դեպքերն արաբական աշխարհի ապակայունացման ծրագրի մաս են կազմում

Սիրիական իշխանություններն երկրում իրականացնում են մի շարք բարեփոխումներ և պատրաստ են բանակցություններ սկսել ապստամբների հետ: Այդ մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Մամուն Հարիրին:

Ինչպես նա ընդգծել է, Սիրիայի դեմ տարվում է լավ նախապատրաստված տեղեկատվական պատերազմ: «Դեռևս հուզումների սկզբում որոշ հեռուստաալիքներ իրավիճակը ներկայացնում էին որպես քաղաքացիական պատերազմ, մինչդեռ բողոքի ցույցերը շատ չէին: Բացի այդ, Բաշար Ասադը դեռևս բողոքների սկզբում պաշտոնանկ էր արել մարդկանց, ովքեր պատասխանատու էին բողոքները ուժով ճնշելու համար»,-ընդգծել է նա:

Հարիրիի կարծիքով ապստամբների ոչ կառուցողական մոտեցման ապացույց են երկու պայթյունները, որոնք որոտացել են Դամասկոսում շաբաթվա սկզբին: «Երկու մահապարտ ահաբեկիչներ պայթել են Դամասկոսի ամենամարդաշատ վայրերում: Արդյո՞ք նման ուժերը կարող են ցանկանալ երկրում բարեփոխումներ»,-հավելել է նա:

Դիվանագետի խոսքով, Սիրիայում տեղի ունեցողը արաբական աշխարհի ապակայունացման ծրագրի մի մասն է. «Ամենայն հավանականությամբ, ծրագրի նպատակն է մեծացնել Իսրայելի դերը տարածաշրջանում»:

Վերջում Հարիրին անդրադարձավ հայ-սիրիական հարաբերություններին տվյալ համատեքստում` շնորհակալություն հայտնելով իշխանություններին և ազգին` ցուցաբերած աջակցության համար: