5 հունվարի 2012 - 12:52 AMT
Արցախի և Հայաստանի ղեկավարները ծանոթացել են զինծառայողների մարտական պատրաստվածությանը

Շարունակվում է նախագահ Սերժ Սարգսյանի այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այսօր` հունվարի 5-ին Արցախի «Ասպարեզ» ռազմաուսումնական կենտրոնում Սերժ Սարգսյանը և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ծանոթացել են զինծառայողների մարտական պատրաստվածության վիճակին: Կենտրոնի սաներն անցկացրել են կրակային խոցման վարժանքներ, իրենց հմտություններն են ցուցադրել հատուկ ջոկատայինները, այդ թվում՝ դիպուկահարները, ներկայացվել են գերժամանակակից զինատեսակներ:

Նախագահները մասնակցել են Ստեփանակերտի նորակառույց «Արցախ» թաղամասի բացման արարողությանը: Թաղամասում պետության կողմից անվճար հիմունքներով բնակարաններ են ստացել մի քանի տասնյակ ընտանիքներ: Բնակարանամուտ նշողների մեջ հիմնականում ԼՂ բանակի զինծառայողներ են և արցախյան ազատամարտի մասնակիցների ընտանիքներ: Իվանյան համայնքում նախագահները ներկա են գտնվել հիմնանորոգված և ժամանակակից բուժտեխնիկայով հագեցած զինվորական հոսպիտալի բացման արարողությանը:

Օրվա ավարտին հայկական երկու պետությունների ղեկավարները մասնակցել են ԼՂ պաշտպանության բանակի հրամանատարական կազմի խորհրդակցությանը: