5 հունվարի 2012 - 14:33 AMT
Մարատ Հակոբյանը գտնում է, որ ժամանակի ընթացքում գերտերությունների միջև պայքարն ազդեցության համար կսրվի

ԱՄՆ ազդեցությունը համաշխարհային աշխարհաքաղաքականության վրա չի փոխվի, իսկ Վաշինգտոնի դիրքորոշման հետ հաշվի կնստեն և' Պեկինում, և' Կրեմլում: Այդ մասին «Ամերիկայի ձայնի» Ռուսական ծառայությանն է հայտնել Analitika.at.ua ուկրաինական տեղեկատվա-վերլուծական կենտրոնի ղեկավար Մարատ Հակոբյանը:

«Այլ բան է, որ աշխարհը կդադարի միաբևեռ լինել, Ռուսաստանն ու Չինաստանն այսօր արդեն ակտիվորեն մրցակցում են Ամերիկայի հետ: Ժամանակի ընթացքում պայքարն ազդեցության համար կսրվի, իսկ իրադարձությունների զարգացման ինտենսիվությունը կախված կլինի տնտեսական գործոնից»,- նշում է նա:

Եվրոպական Միությունն ապագայում, փորձագետի կարծիքով, նույնպես կկարողանա առաջատար դեր ունենալ համաշխարհային աշխարհաքաղաքականության ձևավորման գործում, եթե հաղթահարի այսօրվա ժամանակավոր ֆինանսական դժվարությունները: «Եթե մոտ ժամանակներս Եվրոպայում լուծեն տնտեսական խնդիրները, ապա Հին Աշխարհի դերը կրկին կարևոր և գլխավորներից մեկը կդառնա համաշխարհային աշխարհաքաղաքականության կողմնորոշման հարցում»,- ընդգծում է Մարատ Հակոբյանը: