7 հունվարի 2012 - 14:49 AMT
Թուրքիան որոշել է «նեղացնել» Ֆրանսիային` «Սարկոզի» զուգարանի թղթի և տակդիրների միջոցով

Թուրքական ընկերություններից մեկը սկսել է արտադրել տակդիրներ, աղբի տոպրակներ, զուգարանի թուղթ և թղթե անձեռոցիկեր` «Սարկոզի» ֆիրմային անվանումով` ի պատիվ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի: «Սարկոզիի» արտադրանքը վաճառվելու է ինտերնետ-խանութի միջոցով, PanARMENIAN.Net-ին է հաղորդել ֆրանսիացի անկախ լրագրող Ժան Էկիյանը: «Սարկոզի» բրենդը հաստատվել է Թուրքիայի Արտոնագրային իմստիտուտի կողմից: Ավելի վաղ մեկ այլ թուրքական ընկերություն սկսել է արտադրել «Նատալի Բուայե» պահպանակներ:

Նման քայլերը «պատասխան» են դարձել այն փաստին, որ դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունել է պատգամավոր Վալերի Բուայեի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: Դեկտեմբերի 7-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային Ժողովի իրավական հարցերի հանձնաժողովի կողմից: Ի պատասխան դրան Թուրքիան ետ է կանչել իր դեսպանին Փարիզից և Ֆրանսիայի նկատմամբ ընդունել մի շարք պատժամիջոցներ:

Ապասվում է, որ մինչև հունվարի վերջ օրինագիծը կանցնի Ֆրանսիայի Սենատի դիտարկման: