Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը մեկնաբանել է ընդդիմադիր ուժերի առաջարկը, որի համաձայն Հայաստանը պետք է ամբողջապես անցնի համամասնական ընտրակարգի: Ըստ պատգամավորի, նման քայլի համար հարկավոր է ուղղումներ կատարել Սահմանադրության, հետո ընտրական օրենսդրության մեջ, ինչն անհնար է: «Քաղաքական տեսակետից ընդդիմության փաստարկներն այնքան էլ ծանրակշիռ չեն՝ արդարացնելու համար անցումը զուտ համամասնական ընտրակարգի…Առնվազն այժմ մենք դա համարում ենք աննպատակահարմար և ժամանակավրեպ»,-ասել է Սահակյանը:
Հանրապետական պատգամավորը նշել է նաև, որ մեծամասնական համակարգը հնարավորություն է տալիս առավել ներկայացուցչական դարձնել խորհրդարանը, մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները հնարավորություն ունեն արծարծել խորհրդարանում իրենց ընտրողներին հուզող հարցերը: Նա նաև հավելել է, որ հեռավոր գյուղական շրջաններում մարդիկ հաճախ չեն ծանոթանում կուսակցության ծրագրին և, բնականաբար, վստահում են թեկնածուներին, որոնց անձամբ են ճանաչում:
Սահակյանը նշել է, որ մի շարք զարգացած երկրներում, օրինակ, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում գործում է 100-տոկոսանոց մեծամասնական համակարգ, այնպես որ դրա կարևորությունը չի կարելի ժխտել:
Ընդդիմադիր «Ժառանգություն» և ՀՅԴ կուսակցությունները դեկտեմբերի 27-ին հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ կոչ անելով իշխանություններին հրաժարվել մեծամասնական համակարգից և ամբողջութայմբ անցնել համամասնական ընտրակարգի: Այս նախաձեռնությանը սատարեցին նաև ՀԱԿ-ն ու մի շարք այլ ընդդիմադիր ուժեր: