16 հունվարի 2012 - 13:46 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Այժմ միայն ՀՀԿ-ն է պատրաստ 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին, համոզված է Արտակ Զաքարյանը

Իշխող ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Արտակ Զաքարյանի կարծիքով, այժմ միայն ՀՀԿ-ն է պատրաստ անցնելու 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին: «Այժմ միայն ՀՀԿ-ն է պատրաստ 100-տոկոսանոց ընտրական համակարգով հաղթելուն, իր գործը շարունակելուն»,-ընդգծել է նա: Զաքարյանը մտավախություն է հայտնել, որ համամասնական ընտրահամակարգին անցնելը կարող է բացասաբար անդրադառնալ գալիք ընտրություններում ընդդիմության հնարավորությունների վրա: Ըստ նրա, Հայաստանում կուսակցությունների կայացման ավարտից հետո միայն, կարելի է խոսել 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու մասին:

Իր հերթին ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը հեգնանքով առաջարկել է ՀՀԿ-ին չանհանգստանալ ընդդիմադիր կուսակցությունների ճակատագրի մասին, և եթե նրանք այդքան վստահ են, որ կհաղթեն, ինչու չեն համաձայնում համամասնական ընտրահամակարգին անցնելուն:

Հայաստանի ԱԺ բաղկացած է 131 պատագամավորներից, որոնցից 41-ն ընտրվում է մեծամասնական, 90-ը` համամասնական համակարգով:

Ընդդիմադիր «Ժառանգություն» և ՀՅԴ կուսակցությունները դեկտեմբերի 27-ին համատեղ հայտարարությամբ են հանդես եկել` կոչ անելով իշխանություններին արգելել մեծամասնական ընտրահամակարգը և անցնել 100-տոկոսանոց համամասնական ընտրահամակարգին: Այս նախաձեռնությանն իրենց աջակցությունն են հայտնել ՀԱԿ-ը և մի շարք այլ ընդդիմադիր ուժեր:

ՖՈՏՈՇԱՐՔ