26 հունվարի 2012 - 13:49 AMT
Անահիտ Բախշյանին հաճելիորեն զարմացրել է Քաջարանի հարցը քննելու վարչապետի հանձնարարականը

ԱԺ «Ժառանգության» խմբակցության պատգամավոր, Անահիտ Բախշյանը հաճելիորեն զարմացած էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ, որը նա այսօրվա նիստում տվել է էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին՝ զբաղվել Քաջարանի հարցով:

Ինչպես հայտնել է վարչապետը կառավարության նիստում, նամակ էր ստացվել «Ժառանգության» խմբակցության անդամներից: ՀՀ կառավարության 2011թ. ապրիլի 28-ի N 627-Ն որոշմամբ սահմանամերձ Քաջարան և Հայաստան-Իրան միջպետական ճանապարհի շրջակա գյուղերի` Արծվանիկի, Սևաքարի, Աճանանի, Չափնիի, Սյունիքի հողերը պետք է օտարվեն։ Քաջարանի բնակիչները հայտարարել են, որ մտադիր չեն ենթարկվել այդ որոշմանը:

«Կարծում եմ, որ նախարարը դանդաղում է այդ խնդրի լուծման հարցում, ուստի վարչապետը հանձնարարական տվեց նրան»,-ասել է Անահիտ Բախշյանը լրագրողներին: Ըստ նրա, 2 օր առաջ կուսակցությունը հրապարակեց իր տեսակետն այդ հարցի վերաբերյալ, որտեղ ներկայացված են նաև տարբեր մարդկանց տեսակետներն այդ հարցի վերաբերյալ, որոնք նույնպես կներկայացվեն նախարարին: Ա.Բախշյանը հավելել է, որ առաջիկա քննարկումը «կհուշի» կառավարությանը հետագա անելիքները: