«Հայաստան» համահայկական հիմնադրամը ֆրանսահայ համայնքի միջոցներով Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Սոս գյուղում կառուցում է մանկապարտեզ: Հիմնադրամից հայտնում են, որ ծրագիրը համաֆինանսավորում է ԼՂՀ կառավարությունը: Նորակառույց մանկապարտեզն իր հարկի տակ կարող է ընդունել մինչև 50 երեխա: Երկհարկանի մանկապարտեզի առաջին հարկում նախատեսվում է կառուցել հանդերձարան, ննջարաններ, սանհանգույց, խոհանոց, լվացքատուն ու պահոցներ, երկրորդ հարկում` խաղասենյակներ, հանդիսության դահլիճ և մարմնամարզության սրահ: Բակում կկազմակերպվի երեխաների բացօթյա ժամանցը: Ընթացքում են նոր մանկապարտեզի հիմքի կառուցման աշխատանքները: Շենքը նախատեսվում է շահագործման հանձնել այս տարվա աշնանը:
Ներկայումս համայնքում գործում է 1970-ականներին կառուցված մանկապարտեզը, որը ոչ միայն զուրկ է մանկահասակ երեխաների ժամանցի ու կրթության կազմակերպման համար պատշաճ պայմաններից, այլև չունի կոյուղի և կենտրոնացված ջեռուցում:
«Ուզում եմ հուսալ, որ այս համայնքը, որը տարածվում է Ամարասի վանական համալիր տանող ճանապարհի երկու կողմում, հետագա զարգացման լավ հեռանկարներ ունի»,- ասել է «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը: