Հարավային Կովկասի հարցերով ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Պատրիկ Մերֆին տարածաշրջանային այցի շրջանակում հինգշաբթի օրը երկօրյա այցով ժամանել է Ադրբեջան:
Ինչպես նա ժամանելուն պես հայտնել է լրագրողներին, իր այցի հիմնական նպատակը կդառնա ԵԱՀԿ գործող նախագահի առաջիկա այցի նախապատրաստումը, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորությունների քննարկումը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբից Ֆրանսիայի հնարավոր ելքի հարցը:
Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Օրինագծի քվեարկությանը մասնակցել է 213 սենատոր, օրինագիծն ընդունվել է 127 «կողմ» և 86 «դեմ» ձայներով: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք:
2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում:
Թուրքիան սպառնում էր լիովին խզել հարաբերությունները Ֆրանսիայի հետ օրինագծի ընդունման դեպքում: Ավելին` թուրք վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե այլևս երբեք Ֆրանսիա չի մեկնի, եթե օրինագիծն ընդունվի: