Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հունվարի 26-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանարապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չան Չունին:
Ողջունելով հյուրին` Արմեն Աշոտյանը նշել է, որ կրթության ոլորտում Հայաստանի և Չիանաստանի համագործակցությունը դեռևս զիջում է երկու երկրների միջև ձևավորված տնտեսական և քաղաքական հարաբերությունների մակարդակին:
Ընդգծելով, որ Հայաստանի կառավարությունը կրթությունը դիտարկում է գերակա ոլորտ, նախարարը կարևորել է հայ-չինական նոր կրթական նախաձեռնությունների իրականացումը: Աշոտյանը ներկայացրել է Հայաստանի կրթության ոլորտի բարեփոխումները և այս համատեքստում պատրաստակամություն հայտնել Հայաստանում հիմնել չինարենի խորացված ուսուցմամբ ավագ դպրոց` չինարենը ներառելով պետական կրթական ծրագրերում` որպես օտար լեզու:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև բարձրագույն կրթության ոլորտում հայ-չինական համատեղ ծրագրերին վերաբերող հարցեր: Կողմերը կարևորել են ուսանողների շարժունության ու փոխանակման երկկողմ ծրագրերի ընդլայնումը, ինչպես նաև կրթական որակավորումների և փաստաթղթերի փոխադարձ ճանաչման համար լիարժեք իրավական հիմքերի ստեղծման խնդիրը: