ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի կենտրոնում փետրվարի 6-ին տեղի կունենա «Դատական իշխանության կայացման ընթացքն ու հիմնախնդիրները արդի ժամանակշրջանում» վերտառությամբ եռօրյա միջազգային ձմեռային դպրոցի բացման արարողությունը:
Կազմակերպիչները հայտնում են, որ միջոցառման նպատակն է իրավագիտության ոլորտում, հատկապես դատական իշխանության բնագավառում առավել խորքային ուսումնասիրությունների անհրաժեշտության և արդիականության վերհանումը, իրավագիտության բնագավառում մասնագիտացող ուսանողների որակյալ վերապատրաստումը, նրանց պրակտիկ գիտելիքների մակարդակի բարձրացումը, հիշյալ բնագավառի դասախոսների և պրակտիկ աշխատողների միջև միջազգային համագործակցության և փոխօգնության մշակույթի ձևավորումն ու խթանումը:
Միջոցառմանը մասնակցելու են 14 ուսանողներ, որոնց կեսը Երևանի և Արցախի պետական համալսարանների ուսանողներն են, իսկ մյուս մասնակիցները ներկայացնում են Վրաստանի Թբիլիսիի պետական և Հումանիտար համալսարանները և Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը:
Ձմեռային դպրոցի եռօրյա դասընթացներին դասախոսություններով հանդես կգան նաև ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր Ելիզավետա Դանիելյանը և ՀՀ վարչական դատարանի նախագահ Կարեն Մաթևոսյանը, ինչպես նաև ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի օգնական Անահիտ Մանասյանը: