8 հոկտեմբերի 2003 - 23:09 AMT
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ ՉՈՒՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ
Լեռնային Ղարաբաղի խնդիրը չունի ռազմական լուծում, այսօր Երեւանում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուէյը: «Մեդիամաքս» գորածակալության հաղորդագրության համաձայն, դիվանագետն ասել է դա` մեկնաբանելով Ադրբեջանում ընտրարշավի ընթացքում հնչող կոչերը ղարաբաղյան խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու մասին: «ԱՄՆ կտրականապես դեմ է զինադադարը խախտելու ցանկացած փորձին: Եթե կողմերից որեւէ մեկը ռազմական գործողություններ սկսի, դա աղետալի հետեւանքներ կունենա ինչպես այդ երկրի, այնպես էլ ողջ տարածաշրջանի համար», - նշել է Ջոն Օրդուէյը: Դեսպանը ընդգծել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները բազմիցս անգամ հավաստիացրել են ԱՄՆ կառավարությանը ղարաբաղյան խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու իրենց մտադրության մասին: