4 հոկտեմբերի 2003 - 00:06 AMT
ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆՎՈՐԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՐԵԼ ԵՆ ՀԱՅՐԵՆԻՔ
Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ այսօր Ադրբեջանի իշխանություններին է հանձնվել ադրբեջանական բանակի զինծառայող, որն ավելի վաղ ձերբակալվել էր հայկական կողմից: Այդ մասին տեղեկացրել է ԿԽՄԿ-ի երեւանյան գրասենյակը` չհայտնելով զինվորի անունը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գծի հյուսիսային ուղղությամբ ձերբակալվել էր ադրբեջանական բանակի շարքային զինվոր Ասիֆ Բայրամովը: Նա փախել էր զորամասից իր նկատմամբ ոչ կանոնադրական վերաբերմունքի պատճառով եւ մոլորվելով` հայտնվել ԼՂՀ տարածքում: