2 հոկտեմբերի 2003 - 22:30 AMT
ԼՂՀ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՄԻ ԶԻՆՎՈՐ
ԼՂՀ ռազմագերիների եւ անհետ կորածների հարցերի պետական հանձնաժողովը օրերս հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է, որ սեպտեմբերի 26-ին ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հյուսիսային ուղղության վրա ձերբակալվել է ադրբեջանական բանակի շարքային Ասիֆ Բայրամովը: Նրա խոսքերով, ինքը փախել է իր զորամասից իր նկատմամբ ոչ կանոնադրական վերաբերմունքի պատճառով, մոլորվել է ու հայտնվել ԼՂՀ տարածքում: Բայրամովի ձերբակալության փաստի մասին հանձնաժողովը տեղեկացրել է Ստեփանակերտի ԵԱՀԿ եւ Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) գրասենյակներին: ԼՂՀ իշխանությունները ԿԽՄԿ ներկայացուցիչներին հնարավորություն են ընձեռել տեսակցելու ռազմագերու հետ: Ներկայումս Պետհանձնաժողովը ԿԽՄԿ ղարաբաղյան ներկայացուցչության միջնորդությամբ բանակցություններ է վարում ադրբեջանական կողմի հետ Բայրամովին Ադրբեջանի իշխանություններին հանձնելու շուրջ: