Փետրվարի 10-ին սիրիական Հալեպ քաղաքում տեղի ունեցած պայթյունը շոկի է ենթարկել այնտեղ բնակվող բազմամարդ հայ համայնքին: «դրանից հետո համայնքի ներկայացուցիչներն ապրում են առաջիկա օրվա համար վախի մթնոլորտում: Մենք մշտապես հրաձգության ձայներ ենք լսում, բայց վստահ ենք, որ առայժմ անվտանգության մեջ ենք»,- հաղորդել է Հալեպի բնակիչներից մեկը:
Պատմաբան, Դամասկոսի համալսարանի պրոֆեսոր Նոռա Արիսսյանի կարծիքով, Սիրիայում քրիստոնեական փոքրամասնությունները «շատ են վախենում երկրում անվտանգության կառույցի փլուզման համար»:
Դեռևս 2011թ. աշնանը Սիրիայում ճանապարհորդող լրագրողները հաղորդում էին, երբեմնի անվտանգ Սիրիան այլևս գոյություն չունի: «Հիմա մենք չենք կարող հանգիստ փոխադրվել մի քաղաքից մյուսը»,- գրում էր Գարեգին Բեդուրյանը:
Մեկ այլ սիրիահայ պատմաբան Արա Սանջյանն իր հերթին ի պատասխան Armenian Weekly-ի հարցին Սիրիայում հայերի դիրքորոշման մասին հարցին հայտնել է. «Հայ համայնքը չի կարող ակտիվ միջամտություն կատարել Սիրիայի ներքաղաքական իրադարձություններին: Անհրաժեշտ է հնարավորությունների չափով ապահովագրվել հնարավոր միջադեպերից և սպասել, մինչև որ իրադրությունը կարգավորվի»:
Սանջյանն ընդգծել է նաև, որ Սիրիայի քրիստոնյաները չեն ուզում, որպեսզի Ասադի վարչակարգը տապալվի, քանի որ իրենց առջև ունեն Իրաքի օրինակը: «Այո, Սադամը բռնապետ էր, բայց նա զսպում էր ծայրահեղական ուժերը, որոնք նրա անկումից հետո գերիշխանության հասան, և երկրում սարսափ սկսվեց: Ուստի հազարավոր քրիստոնյաներ լքեցին իրենց տներն Իրաքում և, երևի, այլևս երբեք այնտեղ չեն վերադառնա: ԱՄՆ-ը ձգտում է աշխարհում «ամերիկյան ժողովրդավարություն» հաստատել, բայց հաշվի չի առնում, որ այդ գործընթացում փլուզվում է բազմադարյա քրիստոնեական մշակույթը»,- նկատել է նա: