21 հունվարի 2004 - 16:42 AMT
ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ ՍԿՍԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ
Եվրախորհուրդը ողջունում է կոռուպցիայի դեմ պայքար սկսելու Հայաստանի վճռականությունը եւ Կոռուպցիայի դեմ պայքարող երկրների խմբին (GRECO) անդամակցելու որոշումը: Այդ մասին հայտարարել է GRECO-ի փոխնախագահ Իզաբել Վան Հերսը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ընթացքում: Նրանք քննարկել են GRECO-ի հետ Հայաստանի համագործակցության հիմնական ուղղություններն ու մեխանիզմները: Ինչպես հանդիպումից հետո լրագրողներին է հաղորդել ՀՀ նախագահի խորհրդական Բագրատ Եսայանը, անդամակցելով այդ կազմակերպությանը, Հայաստանը պետք է ստանձնի որոշակի պարտավորություններ: Ակնկալվում է, որ 2005 թվականին Հայաստանը կընդգրկվի գնահատվող երկրների ցանկում եւ որոշակի տեղեկություններ կտրամադրի կոռուպցիայի դեմ պայքարի վիճակի վերաբերյալ, ինչից հետո երկիր կժամանի դիտարկման խումբը` արդեն կոնկրետ գնահատկան տալու եւ հանձնարարականներ մշակելու համար, որոնց կատարումը պարտադիր կլինի երկրի համար: