26 հունվարի 2004 - 19:09 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՀԵՐՔԵԼ Է ՄՈՍԿՎԱՅԻ ԵՎ ԲԱՔՎԻ ՄԻՋԵՎ ՍԵՊԱՐԱՏ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ
Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ չկա պայմանավորվածություն, որի համաձայն Մոսկվան կփորձի համոզել Հայաստանին վերադարձնել գրավյալ ադրբեջանական տարածքներից մի քանիսը` ԱՄՆ ռազմակայանները իր տարածքում տեղադրելու Բաքվի հրաժարվելու դիմաց: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը: «Նեզավիսիմայա գազետա» թերթին տված հարցազրույցում նա «իրականությանը չհամապատասխանող» է անվանել ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից տարածվող նման հաղորդագրությունները: «Մենք, իհարկե, կողջունենք Ռուսաստանի ակտիվացումը բանակցություններում, սակայն բոլոր առաջարկները եւ որոշումները այսօր պետք է ընդունվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Թեեւ Հայաստանի կողմից Ադրբեջանի մի քանի շրջանների ազատագրումը մեր կողմից որոշ կոմունիկացիաների բացման դիմաց կարելի կլիներ քննարկել կարգավորման ընթացքում: Այդպիսով կարող է հող հայտնվել բանակցությունների հետագա առաջխաղացման համար»,- ասել է Ադրբեջանի աշխատակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը: