26 հունվարի 2004 - 21:57 AMT
«ՄԻՆՍԿԻ» ՄԻՋՆՈՐԴՆԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ ԿԱՅՑԵԼԵՆ ԳԱՐՆԱՆԸ
ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները մտադիր են ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան այցելել ընթացիկ տարվա գարնանը: Այդ մասին ԻՏԱՐ-ՏԱՍՍ գործակալությանն է հայտարարել Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Վյաչեսլավ Տրուբնիկովը: Մինչ այդ, նրա խոսքերով, միջնորդները «մտադիր են նախապատրաստական շփումներ կազմակերպել Բաքվի եւ Երեւանի միջեւ` որոշելու համար այն հարցերը, որոնք կարող են քննարկման առաջադրվել բանակցությունների ժամանակ»: Բացի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումներից, որոնք շատ կարեւոր են, սակայն անկանոնության եւ կարճատեւության պատճառով բավարար չեն կարգավորման էությունը քննարկելու համար, համանախագահները կաշխատեն երկու երկրների միջեւ «երկրորդ մակարդակի» բանակցություններ կազմակերպել, որոնք ավելի կանոնավոր, հանգամանալից եւ խորը բնույթ կկրեն, ասել է ռուս դիվանագետը: Միեւնույն ժամանակ նա հերքել է բոլոր հայտարարությունները Մինսկի խմբի համանախագահների պասիվության մասին: Նրա խոսքերով, նրանք «նախկինի պես մտադիր են կատարել անաչառ եւ բարյացակամ միջնորդների իրենց դերը»: Տրուբնիկովը հիշեցրել է, որ «Մինսկի խմբի ավելի քան տասնամյա պատմության ընթացքում առաջարկվել են կարգավորման մի քանի տարբերակներ, եւ դրանք բոլորը մերժվել են կամ Հայաստանի, կամ Ադրբեջանի կողմից»: Ըստ էության, ասել է նա, «կարգավորման բոլոր տարբերակներն այսպես թե այնպես եղել են բանակցային գործընթացի օրակարգում»: Դիվանագետը ափսոսանք է հայտնել այն կապակցությամբ, որ «հակամարտության կողմերից յուրաքանչյուրը նախկինի պես կողմնորոշվում է միայն սեփական շահերի վրա` անտեսելով մրցակցի դիրքորոշումը»: