29 փետրվարի 2012 - 19:04 AMT
Մարտի 2-ին մեկնարկում է Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի «Կերպարվեստ» ծրագիրը

Մարտի 2-ին Հայաստանում Ռուսհամագործակցության ներկայացուցչության Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնում տեղի է ունենալու կերպարվեստի ստուդիայի բացումը:

Ստուդիայում սովորելու են հինգ և ավելի տարեկան երեխաներ, դպրոցականներ, ինչպես նաև`ԲՈւՀ-երի ուսանողներ: «Կերպարվեստ» ծրագիրը ներառում է գեղանկարչություն, գրաֆիկա, քանդակագործություն, դեկորատիվ արվեստ, դիզայն: Կերպարվեստի բոլոր տեսակներն ուսումնասիրվում են երաժշտության, թատրոնի և կինոարվեստի հետ փոխկապակցված: Պարապմունքներն ուղեկցվելու են ռուսական, հայկական, համաշխարհային կերպարվեստի մասին զրույցներով, ինչպես նաև անցյալի և ներկայի մեծ ստեղծագործողների մասին պատմություններով:

«Կերպարվեստ» դասընթացը վարելու է նկարիչ, ճարտարապետ-դիզայներ Դարյա Բոչովսկայան (Ռուսաստան): Կերպարվեստի ստուդիայի աշխատանքների կազմակերպման գաղափարը ծնվել է Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնում անցած հոկտեմբերի 28-ին երիտասարդ ռուս ճարտարապետ-դիզայներ Դարյա Բոչովսկայայի «Անուրջներ» խորագիրը կրող վիտրաժների ցուցադրությունից հետո, որն անցավ մեծ հաջողությամբ: