2 մարտի 2012 - 14:30 AMT
Ռուբեն Հայրապետյան. Սերբիայի ուժեղ հավաքականի դեմ մեր երիտասարդ ֆուտբոլիստները հիանալի էին խաղում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ ինքը գոհ է ազգային հավաքականի վերջին երկու ընկերական խաղերից Սերբիայի և Կանադայի ընտրանիների դեմ:

«Ընկերական խաղերի իմաստն այն է, որ գլխավոր մարզիչը նոր ֆուտբոլիստներ փորձարկի: Կիպրոսյան խաղերից ես կառանձնացնեի Սերբիայի խաղը: Բոլորս էլ գիտենք, թե ինչ ուժեղ հավաքական ունի Սերբիան, և մեր երիտասարդ ֆուտբոլիստները նրանց դեմ հիանալի էին խաղում: Այդ խաղից ես ուրախացա, քանի որ տեսա, որ մեր երիտասարդները պատրաստ են համալրելու ազգային հավաքականը»,- նշել է Հայրապետյանը:

Վերջերս facebook-ի իր էջում ՀՖՖ նախագահը գրել էր, որ դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանն այլևս չի հագնի ազգային հավաքականի մարզաշապիկը: Նա բացատրել է, որ ինքը երբեք չի թույլ տվել իրեն խառնվել գլխավոր մարզչի գործերին:

«Ես՝ որպես ՀՖՖ նախագահ իրավունք ունեմ որոշելու, թե ով կխաղա հավաքականում, իսկ ով՝ ոչ: Մարզիչը կարող է հրավիրել ում ուզում է, ում գտնում է, որ պատրաստ է օգտակար լինել հավաքականին, սակայն ֆուտբոլիստը պետք է ամբողջապես տրվի թիմին, մենք նրան մարզումների ժամանակ էլ ենք նայել, և ցավոք, Մելիքսեթյանն աճ չի գրանցել»,- ավելացրել է նա: