26 փետրվարի 2004 - 22:11 AMT
ՀՈՒՆԳԱՐԱՑԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ ԿՊԱՇՏՊԱՆԵՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՍՊԱՅԻՆ 10 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ ՀՈՆՈՐԱՐՈՎ
Բուդապեշտում հայ սպայի սպանության համար ձերբակալված ադրբեջանցի լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի պաշտպանությամբ, ամենայն հավանականությամբ, կզբաղվի Հունգարիայի «Սեդենի ի կոլլեգի» փաստաբանական գրասենյակը: Այդ մասին, ինչպես հաղորդում է Բաքվի «Զերկալո» թերթը, հաղորդել է հունգարա-ադրբեջանական բարեկամության միության նախագահ Սվետլանա Աբդուլլաեւան: Նրա խոսքերով, փաստաբանական գրասենյակը տեղեկացրել է նրան Ադրբեջանից պաշտոնական նոտարի կողմից հաստատված «Սեդենի ի կոլեգի»-ի անունով լիազորագիր ուղարկելու անհրաժեշտության մասին, որտեղ նշված փաստաբանական բյուրոյին կհանձնարարվի ապահովել Ռ.Սաֆարովի պաշտպանությունը: Ընդ որում այդ գործի առնչությամբ առաջին եւ երկրորդ ատյաններում պաշտպանության համար փաստաբանական գրասենյակի հոնորարը կկազմի 10 հազար ԱՄՆ դոլար: Հունգարացի փաստաբանների կարծիքով, դատավարությունը պարտադիր կերպով կկայանա Բուդապեշտում, եւ միայն վերջնական դատավճռի կայացումից հետո կարող է խոսք գնալ այն մեղադրյալի հայրենիքում կրելու մասին, ասել է Ս.Աբդուլաեւան: Նշենք, որ ադրբեջանական Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը մտադիր է Բուդապեշտ գործուղել ադրբեջանցի երկու հայտնի փաստաբանի: