28 փետրվարի 2004 - 18:41 AMT
ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՄԵՆԽՈՇՈՐՆԵՐԻՑ Է, ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ
2004 թվականին Հայաստանին ԱՄՆ կողմից տրամադրվելիք ֆինանսական օգնության ծավալն ամենախոշորներից մեկն է` հաշվի առնելով հանրապետության բնակչության թիվը: Այդ մասին Երեւանում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյը: Նրա խոսքերով, այդ ծավալները կպահպանվեն նաեւ ապագայում: Ինչ վերաբերում է ռազմական օգնությանը, նշել է դիվանագետը, ապա դրա ծավալը չի փոխվել նախորդ տարվա համեմատությամբ: Ընդ որում նա դժվարացել է խոսել այդ օգնության վերջնական թվի մասին, քանի որ այդ հարցը լուծվելու է ԱՄՆ Կոնգրեսում, մի քանի ամսվա ընթացքում: Թեւե, Ջ.Օրդուեյի խոսքերով, Հայաստանին եւ Ադրբեջանին տրամադրվելիք ռազմական օգնության գումարների այդքան մեծ տարբերությունը չափազանց հրատապ է եւ մշտապես բարձրացվում է Կոնգրեսում: Նա նշել է, որ Վաշինգտոնի վարչակազմը առաջարկել է ավելացնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության ծավալը` հաշվի առնելով ահաբեկչության, թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուժեղացման հարցերում պաշտոնական Բաքվի կարիքները, ինչպես նաեւ Կասպից ծովի խնդիրը: Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության ծավալն ու ձեւը չեն անդրադառնա տարածաշրջանում ուժերի հավասարակշռության վրա, ընդգծել է ԱՄՆ դեսպանը: