3 նոյեմբերի 2020 - 13:41 AMT
Խամենեի․ ՀՀ-ն պետք է վերադարձնի «գրաված հողերը», Ադրբեջանը՝ երաշխավորի հայերի անվտանգությունը

Իրանի հոգևոր գերագույն առաջնորդ Ալի Խամենեին անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի պատերազմին՝ նշելով, որ այն պետք է ավարտվի, ինչի պայմաններն են «Հայաստանի կողմից գրավված տարածքների վերադարձը», իսկ Ադրբեջանի կողմից՝ այնտեղ ապրող հայերի անվտանգության երաշխավորումը։

«Մեր հարևաններ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերամ է ընթանում, որը նպաստավոր չէ մեր և տարածաշրջանի անվտանգության համար. այս պատերազմը պետք է ավարտվի։ Գլխավոր պայմաններից մեկը Հայաստանի կողմից գրավված բոլոր տարածքների վերադարձն է Ադրբեջանին։ Պետք է հարգել միջազգային սահմանները։ Իհարկե, անհրաժեշտ է նաև այդ շրջաններում ապրող հայերի անվտանգությունը և խաղաղությունը երաշխավորել»,- Isna-ի փոխանցմամբ՝ ասել է նա։

Ավելի վաղ Իրանը ներկայացրել էր ԼՂ հակամարտության կարգավորման իր պլանը, որով առաջարկվում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը փոխել ՌԴ-Թուրքիա-Իրան տարբերակով։

Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արաքչին հայտարարել էր, որ իրենց պլանի հիմնական գործոններին են «Ադրբեջանի հողերի օկուպացիային վերջ տալը, փոքրամասնությունների և մարդու իրավունքների պաշտպանությունը, նա նաև հավելել էր, թե այդ ծրագիրը կարող է իրականացվել փուլային տարբերակով»:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Կարդացեք նաև՝ ԼՂ կարգավորման իրանական պլանը՝ պարզ բառերով