Արցախի Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանման կողմից հոկտեմբերի 19-ին խոցված թուրքական Bayraktar TB2-ի տեսախցիկի աշխատանքը կազմել է 31 ժամ։
«Երեկ խոցված թուրքական Bayraktar TB2 մարտական ԱԹՍ-ի հեռակառավարվող տեսախցիկը L-3 WESCAM CMX-15D մոդելի է: Այն արտադրվել է 2020-ի հունիսին Կանադայի WESCAM ընկերության կողմից և Bayraktar TB2-ի վրա տեղադրվել 2020-ի սեպտեմբերին: Ընդհանուր աշխատանքը կազմել է 31 ժամ»,- գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյան։
Bayraktar TB2-ը հարվածային անօդաչու սարք է, որի գործողության շառավիղը 150 կմ է, առավելագույն արագությունը՝ 222 կմ/ժամ, իսկ թռիչքի տևողությունը՝ 24 ժամ։ Անօդաչուի օգտակար բեռնատարողությունը 50 կգ է։
Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Bayraktar-ների համար Թուրքիային բաղադրամասեր մատակարարող երկրները պետք է կասեցնեն հետագա մատակարարումները։
Ի դեպ, հոկտեմբերի 5-ին, տեղի հայ համայնքի բարձրացած բողոքի ալիքից հետո և ճնշման տակ, Կանադան հայտարարեց, որ դադարեցնում է դեպի Թուրքիա ռազմական արտադրանքի արտահանումը, քանի որ այդ երկրի տեխնոլոգիաներն օգտագործվում են Լեռնային Ղարաբաղում, և պարզելու է՝ ինչպես են դրանք հայտնվել Ադրբեջանում։
Bayraktar անօդաչուների համար Թուրքիային շարժիչներ է մատակարարում Ուկրաինան։
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 19-ին, Արցախի Պաշտպանության բանակը ցուցադրել էր հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցված Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքը։
Կարդացեք նաև՝ Ինչպես կանադական էմբարգոն կազդի թուրքական ԱԹՍ-ների ծրագրի վրա
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։